ՙPopok՚ գովազդի միջազգային փառատոնը վերադառնում է
July 14, 2011
2011թ. հոկտեմբերի 27-ին Երևանում մեկնարկելու է արդեն երկրորդ տարին անցկացվող “Popok” գովազդի միջազգային փառատոնը: Այս տարի ևս փառատոնի օրերին` հոկտեմբերի 27-ից 29-ը մասնակիցներին սպասվում են տպագիր և հեռուստատեսային գովազդի ցուցադրություններ և միջազգային շուկայում ճանաչված առաջատար մասնագետների կողմից իրականացվող վարպետության դասեր:
Փառատոնի մրցութային աշխատանքներն ընդունվելու են սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը:
Աշխատանքները դատելու է միջազգային ժյուրին: Ժյուրիի նախագահն է Ֆրանկո Մորետին, ով հանդիսանում է “Եվրոպայի արտ-տնօրենների ակումբի” (ADC*E) նախագահը և աշխարհի ամենախոշոր և ամենապարգևատրվող գովազդային գործակալությունններից մեկի` “Leo Burnett” (Իտալիա) խմբի գլխավոր կրեատիվ տնօրենը: Հայաստան գալու իրենց համաձայնությունն արդեն իսկ տվել են Ալեքսեյ Անդրեևը` «Depot WPF» բրենդինգային գործակալության նախագահը և Ռուսաստանի բրենդինգային ընկերությունների ասոցիացիայի փոխնախագահը, Վլադիսլավ Դերևյաննիխը` “Վոսխոդ” գովազդային ասոցիացիայի արտ-տնօրենը (Ռուսաստան), Վիլլ Ռասթը` Հունգարիայում և Ուկրաինայում «Ogilvy & Mather» ցանցի կրեատիվ տնօրենը:
Popok առաջին փառատոնը անց է կացվել 2010թ. հոկտեմբերի 28-30-ը «Մոսկվա» կինոթատրոնի տարածքում: Փառատոնին ներկայացվել էր ավելի քան 450 աշխատանք աշխարհի 12 երկրից: Վարպետության դասերին մասնակցեցին ավելի քան 350 ունկնդիր Հայաստանից և մոտ 50 մասնակից այլ երկրներից: Փառատոնի նպատակն է հայաստանյան գովազդի շուկայի զարգացումը` գովազդի ոլորտում աշխատող մասնագետների և այդ գծով ուսանող երիտասարդների կրթվածության մակարդակի բարձրացման, Հայաստանում արտադրվող գովազդը միջազգային չափանիշներով գնահատման և այն արտասահմանյան գովազդի հետ համեմատման միջոցով:
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.adfestival.am կայքը:






